Ջոտտո (Գևորգ Գրիգորյան) (1897-1976)

1897 թ. – ծնվել է Թիֆլիսում։

Յոթ տարեկանից ստիպված է եղել աշխատել.  մանր  ծառայություններ էր մատուցում մազութի պահեստում, վարսավիրանոցում, սուրհանդակություն էր անում, թերթեր բաժանում, կրպակում միրգ ու գրքեր վաճառում, ապակեգործությամբ զբաղվում և այլն։

1916-1920 թթ. – սկսել է այցելել Գեղեցիկ արվեստների խրախուսման կովկասյան ընկերությանը կից գեղարվեստի և քանդակագործության դպրոց (Թիֆլիս), որտեղ սովորել է Ա. Բաժբեուկ Մելիքյանի, Ե. Քոչարի, Լ. Գուդիաշվիլու հետ։

1918 թ. – մասնակցել է դպրոցի աշակերտների հաշվետու ցուցահանդեսին։

1921 թ. – երիտասարդ դերասանների խմբի հետ, որոնց գլխավորում էր Սուրեն Խաչատրյանը (Արամ Խաչատրյանի եղբայրը), մեկնում է Մոսկվա՝ ուսանելու։ Ընդունվում է Համամիութենական գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցների երկրորդ կուրս։ Անդամագրվում է նկարիչների «Հայարտուն» միությանը։

1922 թ. – սկսում է նկարչության դասեր տալ աշխատանքային դպրոցներում։

 1924 թ. – ընդունվում է Լենինի անվան ՊՄԻ-ի ռուսական բանֆակ։

1927 թ. –  մասնակցում է թբիլիսյան նկարիչների ցուցահանդեսին, Հոկտեմբերյան հեղափոխության տասնամյակին նվիրված ԽՍՀՄ ժողովուրդների արվեստների ցուցահանդեսին (Մոսկվա)։

1929-1948 թթ. – մասնակցում է Երևանում և Թբիլիսիում կազմակերպված գրեթե բոլոր ցուցահանդեսներին։

1948 թ. – սկսվում են մոռացության տարիները։ Հուսահատության և անելանելիության մեջ հայտնված նկարչի կողմից այրվում է 300 գեղանկարչական աշխատանք։

1948-1957 թթ. – հեռացվում է Վրաստանի Նկարիչների միությունից։

1958 թ. – կրկին սկսում է մասնակցել ցուցահանդեսների։

1962 թ. – հայ որոշ մտավորականների ջանքերի շնորհիվ տեղափոխվում է Երևան։ Նրա մասին սկսում են հոդվածներ հայտնվել Հայաստանի և Վրաստանի թերթերում և ամսագրերում։

1965 թ. – առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանի Նկարիչների միությունում (Երևան)։

 1972 թ. – մասնակցում է Անդրկովկասի նկարիչների ցուցահանդեսին (Մոսկվա)։

 1976 թ. – մահացել է Երևանում իր 79-ամյակի նախօրեին։

1980 թ. – նոյեմբերի 25-ին Երևանում բացվել է Ջոտտոյի թանգարան-արվեստանոցը։

Հետմահու ցուցահանդեսներ.

1980 թ. – Ջոտտոյի թանգարան-արվեստանոց (Երևան)

1983 թ. – Թբիլիսիում, Նովոսիբիրսկում, Տոմսկում, իր տիկնոջ՝ նկարչուհի Դիանա Ուկլեբայի ստեղծագործությունների հետ համատեղ։

1985 թ. – Քութաիսիում, Մոսկվայում, նախկին ԽՍՀՄ այլ քաղաքներում և արտերկրում։

Աշխատանքները գտնվում են Ջոտտոյի թանգարան-արվեստանոցում, Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում, Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Shopping Basket